|
Հիփոթեքային վարկի շուկայի (հատկապես երկրորդային) զարգացման համար հիմնվել է "Վաշինգտոն կապիտալ" վարկային կազմակերպությունը, որը, շուրջ 26 տարի հաջողությամբ աշխատելով ԱՄՆ-ի հիփոթեքային վարկի առաջնային և երկրորդային շուկաներում, նպատակ ունի Հայաստան փոխադրել ընկերության հարուստ ամերիկյան փորձը: Այս նպատակի իրագործման համար ներդրվելու է շուրջ 172 մլն ԱՄՆ դոլար:
Հիփոթեքային վարկի շուկայի զարգացման և բնականոն գործունեության համար 2005թ-ի դեկտեմբերին ստեղծվել է "Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միություն" ոչ առևտրային կազմակերպությունը, որը միավորելու է հիփոթեքային վարկերի շուկայի բոլոր մասնակիցներին (գործող բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ,ռիելթորական գործունեություն իրականացնող կազմակերպություններ և այլն)` պաշտպանելով վերջիններիս շահերը:
Առևտրային բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 2005թ.-ի վերջին կազմել է շուրջ 10.9 մլրդ դրամ կամ ( 24.4 մլն ԱՄՆ դոլար), որի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում կազմում է 5.2%: Տրամադրված հիփոթեքային վարկի ծավալով առաջին տեղում է "HSBC հայաստանյան բանկը"` 4.7 մլրդ դրամ ( 10.4 մլն ԱՄՆ դոլար): Առաջին հնգյակում են գտնվում նաև Յունիբանկը` 1.5 մլրդ դրամ ( 3.4 մլն ԱՄՆ դոլար), Հայէկոնոմբանկը` 1.1 մլրդ դրամ (2.4 մլն ԱՄՆ դոլար),"Կասկադ" բանկը` 594.8 մլն դրամ ( 1.3 մլն ԱՄՆ դոլար), "ըՁԸ" ներդրումային բանկը` 582.5 մլն դրամ ( 1.2 մլն ԱՄՆ դոլար): Հիփոթեքային վարկեր ներկայումս տրամադրվում են 14 առևտրային բանկերի կողմից: Այդ թվում են Արցախբանկը, Ինեկոբանկը, Հայխնայբանկը, "Կոնվերս" բանկը,"Անելիք" բանկը,Հայաստանյան Զարգացման Բանկը, "Մելլաթ" բանկը,"Պրոմեթեյ" բանկը:
Այս բանկերից շատերը վերանայել են վարկավորման պայմանները` դարձնելով այն ավելի գրավիչ ազգաբնակչության համար: Եթե քաղաքակիրթ աշխարհում հիփոթեքային վարկերը մարվում են 25-30 տարվա ընթացքում, իսկ ամենամյա տոկոսադրույքը առավելագույնը 7-8% է, ապա ի հակադրություն դրանց՝ մեզ մոտ այլ է. հիփոթեքային վարկերը տրամադրվում են առավելագույնը 10 տարի (ըՁԸ, Յունիբանկ) մարման ժամկետով, տարեկան 14-18%, որոշ դեպքերում` 11-12%-ով:
Հիփոթեքային վարկի շուկայի զարգացումն ունի որոշակի դժվարություններ՝ կապված պոտենցիալ վարկառուների ստացած դրամական եկամուտների, ազատ դրամական միջոցների սակավության հետ: "Երկար փողեր" սակավությունը մեծ խոչընդոտ է հանդիսանում հիփոթեքային շուկայի զարգացման գործում: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է Հայաստանում ձևավորել "երկար փողերի" աղբյուրներ, որոնց թվում են բնակչության երկարաժամկետ խնայողությունների խրախուսումը և ֆինանսական ինստիտուտների կայունացումը: Այս ամենը կնպաստի "երկար փողերի" ստեղծմանը (կենսաթոշակային և ներդրումային հիմնադրամներ և ապահովագրական ընկերություններ): Հայաստանում "երկար փողերի" ձևավորման համար անհրաժեշտ է, որ կենսաթոշակային ֆոնդերի համակարգը բաշխողականից պարտադիր կերպով անցնի կուտակայինի: "Երկար փողերի" ստեղծման կարևորագույն միջոց է հանդիսանում հիփոթեքային վարկի պորտֆելով ապահովված հիփոթեքային արժեթղթերի թողարկումը: Այս ամենի բացակայությունը հանդիսանում է հիփոթեքային վարկավորման տեմպերի զարգացման դանդաղեցման պատճառ, և սպասվող արդյունքներ
կարելի է ակնկալել նշված ցուցանիշների բարելավման դեպքում:
Քնարիկ Այվազյան, Ֆ/Վ 5-րդ
|