|
Մշակութային հանձնաժողովը գործել է ՈՒԽ-ի գործադրման պահից՝ իր գործունեությունը նպատակաուղղելով ապագա տնտեսագետների մշակութային դրսևորումների խթանմանը և հետաքրքրությունների դաշտի ընդլայնմանը: Հանձնաժողովն անում է ամեն ինչ` ուսանողների ստեղծագործական ունակությունները ստվերում չթողնելու, բազմակողմանի մոտեցմամբ առօրյա կազմակերպելու համար: Հանձնաժողովն անցկացնում է բազմաբնույթ միջոցառումներ, որոնցից շատերը դարձել են ավանդական, սպասելի, (պոեզիայի հուշ-ցերեկույթներ,փառատոններ և այլն), ապահովում ուսանողների կազմակերպված մասնակցությունը համաքաղաքային և այլ երիտասարդական մշակութային միջոցառումների: Հանձնաժողովը ամեն տարի կազմակերպում է ''Առաջին կուրսեցիների ողջույնի'' կամ ''Ստուգման գրքույկների հանդիսավոր հանձման'' միջոցառում-հավաքույթներ հենց իրենց առաջին կուրսեցիների, ՈՒԽ անդամների, պրոֆեսորադասախոսակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Առաջին կուրսեցիները ներկայացնում են հանձնաժողովի և ՈՒՀԱ թիմի նախաձեռնությամբ և աջակցությամբ պատրաստած ելույթները:Ավանդաբար անցկացվում է մրցակցություն ''Լավագույն հումոր'', ''Լավագույն երգ'', ''Լավագույն ասմունքող'' անվանակարգերով: Տնօրինության կողմից հանդիսավոր հանձնվում են ստուգման գրքույկները, հնչում մաղթանքներ: Միջոցառումը որպես կանոն ավարտվում է դիսկոտեկով, հետաքրքիր խաղերի անկացմամբ: ՈՒԽ-ը պարբերաբար կազմակերպում է պոեզիայի ցերեկույթներ նվիրված տարբեր հիշարժան օրերի (7 դեկտեմբերի, 24 ապրիլի…) կամ պարզապես հուշ--ցերեկույթներ: Մի քանի անգամ կազմակերպվել և բարեհաջող ընթացք են ունեցել ''Ոսկե աշուն''-ները, իսկ ավելի հաճախ ''Գարնան'' փառատոները, որոնցից վերջինը` ''Գարուն''գրական ցերեկույթը՝ նվիրված ՈՒԽ-ի 7 ամյակին, տեղի ունեցավ մայիսի 3-ին: ՈՒԽ-ի նախաձեռնությամբ, հենակետային վարժարանի ու Երևանի Պետական Կինոյի և Թատրոնի, Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերի ՈՒԽ-երի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառումը շիրազյան մոտիվներով ավետեց գարունը, հյուսեց մի անուշ սիրերգ ու փառաբանեց մորը՝ երկրային աստվածուհուն, ով շնորհել է մեզ գարուններ ու սեր…
Ձյան անցած ճամփով՝ զվարթ ու անվիշտ,
Գարունը գալիս՝ աշխարհն է բռնում…
Բնության զարթոնքն է գարունը, բնության, գեղեցիկի ու սիրո ծնունդ է: Գարնան անուշ բույրն է տարածվում ամենուր ու սրտեր հուզում, հուր ու հրդեհ վառում: Մեծ կենարար ուժով է լցվում ամեն մի էակ.
Գարնան թագավոր ինձ թագադրեմ
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ…
Այնուհետև տեղում է գարնան անձրև, ծաղիկները շքահանդես են սկսում և գեղեցկության ու թարմության ներդաշնակությունը ցնցում է ու ցնծություն տարածում. ծնվում է սերը. գարուն է եկել:
Թող գարունները գան ու չգնան…
Գարունը սեր է: Ամենավեհ զգացմունքն է սերը, որը մարդուն դարձնում է ավելի անկեղծ ու կենսուրախ, զգայուն ու ամենակարող.
Քո ձեռքով քաղած վարդը լինե՛ի
Կամ շունչս լիներ բուրմունքը նրա…
Սերը չի խնայում ոչ ոքի. կարող է հայտնվել անսպասելի ու անժամանակ՝ բերելով կամ գերագույն երջանկություն կամ տառապանք, որը սակայն մաքրագործող է ու լուսավոր.
Երազում անգամ քեզնից հեռանալ,
Ես քեզ մոռանալ չեմ կարող երբեք…
Ի վերջո մնում է ավելացնել, երբ սիրում ես, ապրում ես:
Սիրով մայրանում է բնությունը, սիրով մայրանում են մարդիկ: Ամենավեհ շնորհը, որ ունի մարդ, կյանքն է, իսկ կյանքը մոր պարգևն է: Մայրն համայն աշխարհի սրբությունն է, այն վեհ տաճարը, որ Աստված ինքն է կառուցել երկրի վրա ու ում առաջ խնկարկում ու ծնրադրում ամեն մի արարած.
Այս մայրապաշտ մատյանով կուզեմ սերս նարեկվի…
Մայրը կապող օղակ է հայրենիքի հետ, իսկ մոր նկատմամբ սերը աճելով վերածվում է հայրենասիրության: Ուստի սիրով երախտագետ է պետք է լինել նրանց միայն այն բանի համար, որ նրանք կան աշխարհում.նրանց սերը թող ամպհովանի լինի հուր-հավիտյան.
Քեզ սիրում եմ խենթի պես, ապրիր, մայր իմ, ապրիր միշտ…
Գարուն, սեր ու մայր երգել են մեր նախնիները, երգում ենք մենք ու կերգեն մեզնից հետո էլ, իսկ միջոցառման ընթացքում այդ ամենը հյուսվեց Շիրազի հնչյուններով ու շիրազյան հայացքով դիտվեց:
Շիրազի գովերգած մայրը անուշաբույր գարունը ու սերը թող միշտ ուղեկից լինի մեզ…
Վերևում ներկայացվեց գարնանաշաղախ ցերեկույթի ընդհանուր պատկերը: Մնում է մի պահ նորից մեկուսանալ ինքդ քո մեջ, փնտրել այնտեղ շիրազյան երանգներ ու գտնել նոր մոտեցումներ…
ՈՒԽ-ի անդամները բուռն քննական շրջանից հետո նոր տարվան ընդառաջ են գնում ամանորյա տոնահանդեսով, որի ընթացքում լինում են հումորային կատարումներ, հետաքրքիր խաղեր, ամանորյա բարեմաղթանքներ,տեղի են ունենում պարգևատրումներ (''Ներբուհական ինտելեկտուալ առաջնության հաղթող կուրս'', ''Տարվա լավագույն ուսանող'' և այլն):
Գարնանային սպասված պահերից են նաև Մայրության և Գեղեցկության տոնին նվիրված միջոցառումները և ակցիաները՝ ծաղիկների, շնորհավորական բացիկների նվիրումը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ամեն տարի շրջանավարտների ճանապարհ է դնում դիպլոմների հանձման հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում են շրջանավարտները, ԲՈւՀ-ի տնօրինությունը և ՈՒԽ-ը:
|