Վաղը քամին այլ երգ կերգի

     Սրտամոլոր, սրտահույզ ինչ-որ հնչյուններ են` ծանոթ ու հարազատ: Արթնանում եմ, բացում եմ աչքերս: Մի վալս է հնչում, փոթորկահույզ մի պար...
     Խելակորույս մի սիրտ մորմոքում է հուզված: Սիրո պար է` տառապանքի ու երջանկության: Ցնո՞րք է, տեսի՞լ, երա՞զ...Երգը փոթորկում է հոգիս. վազում եմ դեպի պատուհանս, իսկ այնտեղ...Այնտեղ բաժանման տխուր պատկեր է, հրաժեշտի երեկո: Քամին մի թախծոտ վալս է շվշվացնում. պարում են բոլորը` երկինք, գետին, ծառ ու տերև: Ոչ ոք ոչինչ չի ասում, լուռ են, լուռ այնքան, որ մեկը մյուսի սրտի զարկն է լսում ու դա էլ միահյուսվում, երգ է դառնում` բաժանման ցավի մորմոք:
     Հրաժեշտի երեկո է...
     Աշուն էր, չքնաղ աշուն... Թվում էր, թե այդ աշունը մահ չի բերի, այդ գեղեցիկը սեր չի կործանի: Թվում էր...
     Բայց մի երեկո ոռնում էր քամին, ու ցուրտ էր: Քամին շշնջում էր, որ ձյուն է գալու, ձմեռ: Միայնակ քամին ոռնում է խելահեղ ցավից: Այսօր էլ սիրո մի երգ մեռավ, մի աշուն էլ մնաց անցյալում... Սիրո խենթացնող նվագ չի երգում էլ քամին, այլ` ռեքվիեմ: Դրսում լաց է ու կոծ: Թաց է երկինքը, թաց է աշխարհը...
     Վաղը քամին այլ երգ կերգի: Վաղը ձյուն կգա, ու սրտիս կիջնի ձմեռ...
Սիմոնյան Էմիլյա, Բ/Կ 3           
 
   Սիրո նամակ

     Մի հրաշալի օր էր, արևը իր ճաճանչափայլ շողերն էր տարածել ամենուր՝ ջինջ ու պարզ երկնքից ժպտալով բոլորին… իսկ ես զմայլված այս դյութիչ տեսարաններով գնում էի անայլայլ՝ ջանալով ուշադրություն չդարձնել ոչնչի ու չ ոքի վրա, բայց…
     Իմ հուգու անդորրը խախտվեց, երբ տեսա նրան, որին սիրեցի ու սիրում եմ: Նայում էի նրա աչքերին ու մտածում.ՙՈրքա՛ն խորհրդավոր են նրանք, գերող, միևնույն ժամանակ սառը, սարսափեցնող՚:Մենք երկար զբոսնեցինք բնության գրկում,հետո վերադարձա տուն մի տեսակ հուզված ու ընդարմացած: Հոգումս խառնաշփոթ իրարանցում էր, փակ աչքերիս առաջ նույն աչքերը՝ գերող ու հմայող:
     Մեր հանդիպումները դարձան ավելի հազվադեպ: Այսօր հանդիպեցի կրկին, երկար զբոսնեցինք, հետո նա ամուր բռնեց ձեռքս, ու ես հասկացա, որ պիտի վստահեմ նրան ու նրա գերող աչքերին: Սակայն դա եղավ մեր վերջին հանդիպումը:
      Այժմ անցել են ամիսներ, որ նրան չեմ ստացել: Խոր գիշեր է, քունս չի տանում: Փորձում եմ ինձանից վանել խառնիխուռն մտքերն ու անսանձ կարոտը, որ խեղդում է կոկորդս: Օրերն անցնում են, իսկ ես համրում եմ տաղտկալի ժամերն ու ինքս ինձ խոստանում՝ ես չեմ կարող առանց նրա…
     Դու իմ հյուրն ես այսօր տխրություն, թախիծ: Կարոտում եմ ու կարոտի կանչով հիշում եմ այն մոգական աչքերը, որոնց մեջ փորձում եմ գտնել պատասխաններ անցած-գնացած հարցերի…
     Ա՛խ, երանի դու գայիր… Իսկ եթե չգաս էլ, միևնույն է քեզ սպասելու եմ՝ հավատալով , որ մի օր կգաս, ու ես կրկին կնայեմ քո աչքերին…
Վանցյան Լուիզա, Բ/Կ 2



 

Հայաստանի պետական

տնտեսագիտական

համալսարանի Գյումրու

մասնաճյուղի

           ՈՒսանողական խորհուրդ

 

Հասցե` Վ. Սարգսյան 32 Հեռ. (0312) 3 06 46

1 2 3