Դեպի երջանկություն

     Ծովը հանդարտ ծփում էր, ալիքները քնքշորեն շոյում էին ավազը: Նավը դեռ երկար
ճամփա պիտի կտրեր ծովի վրայով:
     Նավի վրա միայն մեծահարուստներ էին, ամենուր պճնված ու զարդարված կանայք` շրջապատված գեղեցիկ ու ճաշակով հագնված տղամարդկանցով: Ողջ նավը պարուրված
էր կանացի զրնգուն ծիծաղով: Այս հաճելի իրարանցումից առանձին նավի ամենագողտրիկ անկյունի նստարանին նստած էր մի աղջիկ: Նրա աչքերը տխուր էին, բայց աչքերին էլ
ավելի մեծ հմայք էին հաղորդում նրան: Ձեռքի նամակը թաց էր` նրա տաք արցունքներից: Այնքան գեղեցիկ ու սրտաճմլիկ էր նավի անկյունի այս տեսարանը. նստարանին նստած տխուր աղջիկ, ձեռքին` բաց նամակ, իսկ հեռվում` անվերջ ձգվող ծով: Աղջիկը ձեռքից վայր գցեց նամակը, վեր բարձրացավ ու անխոս նետվեց ծովը: Գեղեցիկ էր այդ համարձակ
թռիչքը: Նա կարծես ջրի մի կաթիլ էր, որ նետվեց լրացնելու ծովն իր գեղեցկությամբ:
Նրա երկնագույն զգեստը փարվեց ծովին, նրանք գրկեցին իրար, աղջիկը ձուլվեց ջրերին ու անհետացավ: Նավի վրա ոչ ոք չզգաց նրա բացակայությունը: Բոլորն ուրախ աղմկում էին:
Մի խումբ երիտասարդներ եկան նստեցին այն նստարանին, տրորեցին բաց նամակը: Գողտրիկ անկյունը ևս ձուլվեց նավի ուրախ ֆոնին: Ծովը ևս ուրախ ծփում էր, աղջիկը գտել
էր իր երջանկությունը:
Սիմոնյան Էմիլյա, Բ/Կ 3           
 
   Առաջին սեր
     Լուռ ու թախծալի աշուն էր: Քաղաքամերջ այգում իջնում էր հեզասահ երեկոն: Այգին գրեթե դատարկ էր: Միայն մի տղա քայլլում էր դանդաղ ու մտախոհ: Ոչինչ չէր գրավում նրա ուշադրությունը` ոչ սառնաշունչ քամու սուլոցը, ոչ քիչ հեռվում փողոցով սրընթաց անցնող ավտոմեքենաների հռնդյունը, ոչ էլ ծառերից թափվող դալուկ տերևների խշշյունը: Տղայի խառնիխուռն մտքերը հանգիստ չէին տալիս նրան: Հոգին դատարկ էր ու սրդողած: Այդ ե՞րբ էր, որ նա հայտնվեց այս վիճակում, ե՞րբ էր, որ փշուր-փշուր եղան նրա գունազարդ երազները, ու կյանքի ալեկոծ ծովում խորտակվեց նրա երջանիկ կյանքի մակույկը: Ե՞րբ էր...
     Տղան փորձում էր պատասխան գտնել այս հարցերին, բայց ապարդյուն: Սթափվեց քայլերի ձայնից. սիրող զույգ էր: Հայացքն ընկավ աղջկան, մի պահ աչքերին չհավատաց: Այո, իրականությունը դաժան էր, չէր սխալվել, այդ նա է` իր երազների տիրուհին, իր առաջին ու ամենամեծ սերը... Ոտքերը ասես գամվել էին տեղում, ուզում էր ճչալ, գոռալ, թավալվել տերևների մեջ: Մի կերպ զսպելով իրեն` գլխահակ քայլերով ուղղվեց դեպի այգու դուռը և խառնվեց ամբոխին: Աշուն էր` լուռ ու թախծալի...
     Ամիսներ անցան: Գարունը հայոց լեռներում բուրեց եթերային անուշահոտությամբ: Բնությունը գլխիվայր փոխվել էր, չէր փոխվել միայն մեր հերոսը...: Այն օրից ի վեր բավականին երկար ժամանակ էր անցել, նայց նա չէր կարողանում մոռանալ սիրած աղջկա դավաճանությունը: Ամեն օր տեսնում էր նրան երազում` մեկ զղջացող, մեկ ամբարտավան տեսքով: Օրերից մի օր նրան փոխանցեցին նրա երկտողը."Էլ մի մտածիր իմ մասին, խնդրում եմ զուր մի տանջիր քեզ: Ես արժանի չեմ քեզ: Փորձիր սիրել մեկ ուրիշին":
     Ողջ գիշեր մտածում էր իրենց մասին, լուսադեմ էր, երբ քնեց: Քունը զարմանալի հանգիստ էր, առանց մղձավանջների: Առավոտյան հրաշալի արևոտ եղանակ էր: Արթնանալով մոտեցավ պատուհանին: Հարևանի լուսամուտը բաց էր, իսկ նրա դպրոցական երեխան ուզում էր սերտել հանձնարարված անգիրը, Չարենցից էր: Արդեն տասն անգամ արտասանում էր առաջին տունը.
     "Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
     Սիրեկանը էլի յարին կմնա,
     Կփոխվի տարիքը, կփոխվի մարդը,
     Բլբուլի երգն էլի սարին կմնա":
Սիմոնյան Էմիլյա, Բ/Կ 3


 

Հայաստանի պետական

տնտեսագիտական

համալսարանի Գյումրու

մասնաճյուղի

           ՈՒսանողական խորհուրդ

 

Հասցե` Վ. Սարգսյան 32 Հեռ. (0312) 3 06 46

1 2 3