|
2005թ.-ին ռուսական ”Գազարդ”ԲԲԸ-ը հայտարարեց, որ 2006թ.-ին պլանավորում է Հայաստան արտահանվող գազի 1000 մ3-ի համար բացթողնման գինը բարձրացնել մինչև 110 ԱՄՆ դոլար, գործող 56 դոլարի փոխարեն: Հիմք ընդունելով ՌԴ-ի ներտնտեսական զարգացման միտումները /հատկապես ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը/` ՀՀ կառավարությունը պետք է կանխատեսեր գների նման թանկացում և տնտեսությունը նախապատրաստեր այդ փոփոխությանը:
Գազի գնի թանկացումն արդեն անխուսափելի իրողություն է: ՌԴ-ից ներմուծվող գազի համար դեռևս սահմանված չէ հստակ գին և տեղափոխման սակագներ, բայց հիմքեր կան ենթադրելու, որ այն կտատանվի 110-120 ԱՄՆ $-ի միջակայքում: "Գազարդը", հաշվի առնելով կառուցվող Իրան-Հայաստան գազամուղը , չի ձգտի կիրառել բարձր, ոչ մրցունակ գին:
Փորձենք համառոտակի ներկայացնել, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ ռազմավարական հումք հանդիսացող գազի գնի թանկացումը: Ակնհայտ է, որ երկնագույն վառելիքի գնի բարձրացումը կհանգեցնի ազգային տնտեսությունում գների համընդհանուր մակարդակի բարձրացման: Այս փոփոխությունն իր անմիջական ազդեցությունը կունենա էլեկտրաէներգիայի գնի վրա, քանի որ ՀՀ տարածքում գործող ջերմաէլետրակայանները աշխատում են բնական գազով: Պաշտոնական աղբյուրները նշում են, որ բնական գազի վերը նշված գնի դեպքում, էլեկտրաէներգիայի 1կվտ-ի գինը կբարձրանա միջինը 3-4 դրամով: Նշված հանգամանքը կասկածի տակ է դնում նաև 2006թ-ի պետբյուջեի կատարման գործընթացը, քանի որ գազը ծախսվող էլեկտրաէներգիայի տեսքով առկա է գրեթե բոլոր ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի հաշվարկում: Գազի գնի բարձրացումը կբերի նաև տրանսպորտային փոխադրումների սակագների բարձրացման, քանի որ ներկայումս թե’ մարդատար, թե’ բեռնատար տրանսպորտային միջոցները որպես վառելանյութ օգտագործում են գազը:
Այսպիսով, գազի գնի բարձրացումը և դրանից բխող վերը նշված փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան ինչպես ՀՀ տնտեսական տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների (հիմնականում նրանց, որոնք զբաղվում են այնպիսի ապրանքների և ծառայությունների արտադրությամբ, որոնց գերակշիռ մասը արտահանվում է համաշխարհային շուկա), այնպես էլ ամբողջ հասարակության վրա: Էներգակիրների գների բարձրացումը կհանգեցնի հայրենական արտադրանքի լրիվ ինքնարժեքի բարձրացման: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանում դեռևս կատարելագործված չէ հակամենաշնորհային օրենսդրությունը և չի կարող իր զսպիչ ազդեցությունը ունենալ գների համատարած բարձրացման` ինֆլյացիայի վրա, հնարավոր է, որ գների մակարդակը փոփոխվի կանխատեսվածից ավելի շատ:
Գազի գնի թանկացման հետևանքների գնահատման կապակցությամբ կարևոր է նշել, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Ջեյմս Մակհյուի գնահատման` գազի գնի թանկացումը անպայման կազդի սպառողական գների համաթվի վրա, բայց չի առաջացնի լուրջ ցնցումներ տնտեսության ոլորտում` մեկնաբանելով, որ գազը հանդիսանում է էներգիայի հիմնական, բայց ոչ միակ աղբյուրը ՀՀ-ի համար, քանի որ երկրում լայնորեն կիրառվում են նաև ատոմային էներգիան և հիդրոներուժը:
Պետք է ի նկատի ունենալ, որ վերջին ժամանակահատվածում հայկական արժույթը արժևորվել է դոլարի նկատմամբ (դեռևս պահպանվում է այդ միտումը), որը, ինչպես գիտենք, բացասական ազդեցություն ունի հայրենական արտադրանքի արտահանման ծավալի վրա: Եթե դրան էլ գումարվի ակնկալվող բարձր ինֆլյացիան, ապա տեղի կունենա նաև ազգային արժույթի իրական էֆեկտիվ փոխարժեքի 1 արժեքից ավելի փոփոխություն, որն իր հերթին կհանգեցնի ներկայումս տիրող իրավիճակի համեմատ հայրենական արտադրանքի մրցունակության նվազեցման, և, բնականաբար, էլ ավելի կմեծանա Հայաստանի առևտրային հաշվեկշռի բացասական հաշվեմնացորդը: Արտահանման ծավալների կրճատումը, ինչպես նաև ինֆլյացիան կբերի ՀՀ ներքին շուկայում դոլարով, նաև եվրոյով արտահայտված արտասահմանյան արտադրանքի մրցունակության բարձրացման, որն էլ հիմք կհանդիսանա հայրենական արտադրանքի մրցունակության նվազմանը նաև ներքին շուկայում և կբերի ներմուծման ծավալների մեծացման: Ներմուծման ծավալների ավելացումը ևս բացասական ազդեցություն կունենա ՀՀ առևտրային հաշվեկշռի սալդոյի վրա, որն էլ իր կնիքը կթողնի վճարային
հաշվեկշռի բացասական մնացորդի վրա:
Ինչ վերաբերվում է շարքային քաղաքացիներին, ապա գների համատարած բարձրացումը և տնտեսական աճի տեմպի կրճատումը իրենց ծանր ազդեցությունը կունենան բնակչության կենսամակարդակի վրա: Իրավիճակը ավելի կբարդանա, եթե ի նկատի ունենանք, որ պետությունը իր տրամադրության տակ եղած սահմանափակ ֆինանսական միջոցներով հնարավորություն չի ունենա ամբողջությամբ չեզոքացնել ներմուծվող ինֆլյացիայի բացասական հետևանքները և կանխել բնակչության կենսամակարդակի սպասվող անկումը և աղքատության խորացումը:
Հաշվի առնելով համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում էներգակիրների գների հաստատուն աճը, ինչպես նաև այն, որ Հայաստանը հանդիսանում է էներգակիրներ ներմուծող երկիր, ապա այդ երևույթի բացասական հետևանքները ապագայում նվազեցնելու նպատակով ՀՀ ներկայիս և ապագա կառավարությունների գերխնդիրը պետք է լինի Հայաստանում էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման խթանումը, դրանց ներդրմանն ուղղված քաղաքականության մշակումը և հետևողական իրականացումը, քանի որ դա հանդիսանում է այդ հիմնախնդիրների լուծման միակ ճանապարհը բնական ռեսուրսներով, մասնավորապես էներգակիրներով աղքատ Հայաստանի համար: Այս քաղաքականությունն ունի նաև ռազմավարական նշանակություն, քանի որ հնարավորություն կտա ոչ միայն մասնակիորեն չեզոքացնել ազգային տնտեսության վրա տեղի ունեցող ներկայիս փոփոխությունների բացասական ներգործությունը, այլ նաև նախադրյալներ կստեղծի ապագայում՝ այդ ռեսուրսների (նավթի և գազի) համաշխարհային պաշարների կրճատման, հնարավոր պատերազմների հետևանքով արդյունահանող ենթակառույցների ավերման պատճառով
համաշխարհային շուկայում գների էլ ավելի բարձրացման անցանկալի հետևանքներից ապահովագրվելու համար:
Հաջորդ կարևոր քայլը, իմ կարծիքով, ՀՀ-ում էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրների յուրացումն է, այդ թվում ատոմային էներգիայի, քամու, արևի և այլ նմանատիպ աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի բարձրացումը ՀՀ էներգետիկ հաշվեկշռում:
Եվ, վերջապես, մեծ կարևորություն ունի Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը և ապագայում նաև ՀՀ տարածքով դրա արտահանումը համաշխարհային շուկա, որը մի կողմից կթուլացնի ՌԴ գազային մենատիրական դիրքը ՀՀ-ում, մյուս կողմից, որպես տարանցիկ գոտի հանդես գալու դեպքում, ՀՀ պետական բյուջեն տարբեր գնահատականներով մոտ 160-200մլն ԱՄՆ դոլար (ներկայումս գործող գներով) եկամուտ կունենա:
Այսպիսով, վերը նշված միջոցառումների իրականացումը կնպաստի ՀՀ ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս հանդիսացող տնտեսական անվտանգության բարձրացմանը, որը, ինչպես գիտենք, մեծ նշանակություն ունի ցանկացած երկրի համար:
Արտակ Առաքելյան, Ֆ/Վ 4-րդ կուրս
|