2005 թվ. 2 կիսամյակ

      Մեր ՈւԽ-ի անձնակազմը 2005թ. երկրորդ կիսամյակի ընթացքում իրեն դրսևորեց հնարավորինս ակտիվ: ՈՒԽ-ի անդամները չխնայեցին իրենց ջանքերը` անցկացնելու ինտելեկտուալ, ֆուտբոլի և շախմատի ներբուհական առաջնություններ: ՈւԽ-ի գիտական հանձնաժողովն անցկացրեց ամենամսյա մասնագիտական բանավեճերն ու քննարկումները տարբեր արդիական թեմաների շուրջ: ՈւԽ-ն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել բազմաթիվ` թե միջբուհական, թե համահայկական միջոցառումներին և դրանց կազմակերպմանը: Մասնակցել է "Հույս, հավատ, սեր", "Ալֆա" հոգևոր բնույթ կրող երիտասարդական ծրագրերի իրականացման աշխատանքներին, Համահայկական երիտասարդական Էջմիածին-Օշական ուխտագնացությանը, "Ֆենիքս" ինտելեկտուալ հանրապետական առաջնությանը, որտեղ քաղաքային հավաքականի կազմում մեր ուսանողները ճանաչվեցին լավագույնը, իսկ ԵՊՏԻ ԳՄ "Կապիտալ" թիմը գրավեց պատվավոր 3-րդ տեղը: Մեր ուսանողները մասնակցել են "Նոր սերունդ" ՀԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացներին: ՈւԽ-ն իր մեծ ներդրումն ունեցավ քաղաքում տեղի ունեցող ընտրություններում` արտահայտելով և ներկայացնելով իր կարծիքը և ստույգ պահանջները: Մեր ՈւԽ-ը, լինելով "Գյումրու Ուսանողական Խորհուրդ" ՀԿ հիմնադիր և ակտիվ կառույցներից մեկը, Գյումրու ԲՈւՀ-երի ՈՒԽ-երի հետ համատեղ, չանտեսեց նաև նոյեմբերի 17-ը` ուսանողության միջազգային օրը: Այդ օրը կազմակերպվեցին այցելություններ Հ. Շիրազի, Ավ. Իսահակյանի և Ասլամազյան քույրերի տուն-թանգարաններ, Գեղագիտության ազգային կենտրոնում` ուսանողական ցուցահանդես: Այնուհետև անցկացվեց ուսանողական համագումար, որը շարունակվեց Գյումրու պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցող գալա-համերգ մրցանակաբաշխությամբ, որտեղ մեր ԲՈՒՀ-ի "Լավագույն ուսանող" ճանաչվեց ՈՒԽ-ի անդամ, 4-րդ կուրսեցի Կարինե Գրիգորյանը: Նոյեմբերի վերջին ՈւԽ-ի ջանքերով կազմավորվեց ՈւՀԱ-ի նոր թիմը:
     Տարեվերջին "ԳՈւԽ" ՀԿ-ի նախաձեռնությամբ քաղաքի բոլոր ԲՈւՀ-երում բարեգործական նպատակով հավաքվեցին միջոցներ Գյումրիի "Հույս" մանկատան համար: Մեր ՈւԽ-ն այս գործում էլ ունեցավ իր մեծ ներդրումը:

 

 

 

Հասցե: Վ. Սարգսյան 32 | Հեռ. (0312) 3 06 46 | hpth-gm-ux@mail.ru